ՊԱՐԳևԱՏՐՈՒՄՆԵՐ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ






















Ս.թ. մայիսի 31-ի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ պետք է ավանդույթ դարձնել տարբեր պատճառներով համալսարանից հեռացող ՀԱՊՀ վաստակաշատ դասախոսների արժանվույնս գնահատումը: «Այսօր արժանին պետք է մատուցել Քիմիատեխնոլոգիական և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Ալիսա Կալպակյանին, ով թողնում է համալսարանը: Արտակարգ սկզբունքային, բծախնդիր անձնավորություն է: 1958 թ. որպես ուսանող մուտք գործելով Պոլիտեխնիկ՝ տիկին Կալպակյանն առայսօր հավատարիմ է մնացել հարազատ բուհին՝ կրթելով և դաստիարակելով «սերունդներ»,- նշեց ռեկտորը և որպես երկարատև, անբասիր աշխատանքի գնահատանք՝ նրան շնորհեց ՀԱՊՀ Վաստակագիր: Պարոն Մարուխյանը շնորհակալագրեր հանձնեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Պոլիտեխնիկ» բանավեճի թիմին, որը հաղթող է ճանաչվել Երևանի Քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերով խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի 2016 թվականի 1-ին մրցափուլի եզրափակիչ խաղերում՝ զգալիորեն առաջ անցնելով ԵՊՀ «Dialectica» և ԵՊԼՀ «Հարմոնիա» թիմերից: Շնորհակալագրեր ստացան համալսարանը ներկայացնող ուսանողներ Ալեքսանդր Դռնոյանը, Գուրգեն Մելքոնյանը, Ռաֆայել Թովմասյանը, Միքայել Մարտիրոսյանը և Սառա Միսակյանը։