«ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՈԳԵԲԱՆ-ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ»



Հունիսի 3-5-ը ԵՊՀ մի շարք դասախոսներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ այցելեցին Արցախ։





Եռօրյա շրջայցը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի ղեկավար Արմեն Խաչիկյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է 3 փուլից բաղկացած հոգեբան-սպաների վերապատրաստման մի ծրագիր, որի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվելու են Արցախում, իսկ 3-րդը՝ մայրաքաղաքում: Բացի բուն ծրագրից՝ համալսարանականները մասնակցեցին նաև այլ ծրագրերի ու գիտաճանաչողական այցերի:
Հանդիպման առաջին և երկրորդ օրերը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ու Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը հանդիպում-քննարկումներ ունեցան ԼՂՀ պաշտպանության բանակի հոգեբան-սպաների հետ։ Քննարկման առանցքում հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակն ու հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրներն էին։ Անմիջական և ջերմ շփման ընթացքում սպաները ներկայացրին ռազմական ոլորտի այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունները:
Պաշտպանության բանակի հոգեբան-սպաները նշեցին, որ նորակոչիկների համալրման, հատուկ ստորաբաժանումների, փաստաթղթաշրջանառության, միջանձնային հարաբերությունների, նյարդահոգեբանական դրսևորումներ ունեցող, ինչպես նաև ծնողազուրկ և հոգեբանական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ աշխատանքներում լուրջ անելիքներ ունեն:
Վերապատրաստման դասընթացների բանախոսները, լսելով հոգեբան-սպաներին, իրենց հարցերն ուղղեցին նրանց և փորձեցին պարզել, թե հաճախ հանդիպող ու լուրջ նշանակություն ունեցող խնդիրներն ինչպես և ինչ ձևով են լուծվում: Մասնագետները տվեցին իրենց դիտարկումները՝ հորդորելով այդ հարցերը մշտապես պահել բանակի զարգացման ռազմավարական պլանում: