«Քննարկվեցին պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներ»



Հունիսի 27-29-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ



Հունիսի 27-29-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Կառավարման ակադեմիայում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության կառավարող ընտրանին. մարտահրավերներ և պատասխաններ» խորագրով դասընթաց: Դասընթացին մասնակցում են Կառավարման ակադեմիայի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի նախորդ տարիների շրջանավարտներ, ասպիրանտներ, Ակադեմիայի աշխատակիցներ: Եռօրյա դասընթացները կներառեն էլիտաներին և լիդերությանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացման արդի տեսությունների կիրառմանը վերաբերող թեմաներ: Կդիտարկվեն գլոբալացման պայմաններում «Հայկական աշխարհի» գործառնման, ազգային անվտանգության ապահովման, ազգային շահերի արդիականացման և հանրային քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարությանն ու մարտավարությանն առնչվող խնդիրներ: Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարը և նրա կազմակերպիչներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա գոհունակություն հայտնեց Ակադեմիայի քաղաքագետների թիմի ակտիվ աշխատանքից և շեշտեց դասընթացի կարևորությունը հավելյալ գիտելիքների ձեռքբերման առումով: ՀՀ ՊԿ ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ նշելով, որ այսօր մեր երկրում և ամբողջ աշխարհում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ երիտասարդությունը զինված լինի գիտելիքներով, լինի համարձակ. չէ՞ որ ապագան երիտասարդությանն է, և նրա ուսերի վրա է դրվելու պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու պարտականությունը: Դասընթացի առաջին բանախոսը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն էր: «Կառավարչի գործունեության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները» թեմային անդրադառնալով՝ բանախոսը նշեց կառավարչական գործունեություն իրականացնող անձի այն հատկանիշների մասին, որոնք պետք է հաշվի առնել ընտրություն կատարելիս. «Կառավարիչն իր գործունեության ընթացքում բազմիցս առնչվում է որոշում կայացնելու խնդրին: Դա շատ բարդ գործընթաց է, և այդ ընթացքում նա շատ բարդ հոգեբանական խնդրի առջև է կանգնում: Ճիշտ որոշում կայացնելու համար կառավարիչը պետք է ունենա հուզական ինտելեկտ, այն է՝ սեփական հույզերը հասկանալու և գնահատելու, դիմացինի հույզերը հասկանալու և գնահատելու ունակություն. դա ճիշտ որոշում կայացնելու հիմքն է»: Արսեն Լոքյանն անդրադարձավ նաև հանրային ծառայողի հուզական այրման խնդրին՝ նշելով, որ հուզական ինտելեկտ ունեցող ծառայողը հուզական այրման դեպքում անգամ կարող է ճիշտ կողմնորոշվել: «Կառավարող ընտրանու արդիականացման հրամայականները կերպափոխվող երկրներում» թեման ունկնդիրներին ներկայացրեց ՀՀ ՊԿ ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը: Հիմնական թեմային զուգահեռ՝ նա խոսեց նաև խաղաղության մշակույթի մասին՝ այն ներկայացնելով որպես լավ կառավարման սկզբունք անցումային երկրներում: Նրա խոսքով, կառավարման արդիականացման մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ինչպիսի երկրի հետ գործ ունենք. «Եթե երկիրը «վազքով» է անցնում արդիականացման ուղին, հնարավոր է՝ ավելի շատ խնդիրներ ձեռք բերի՝ ճանապարհին չնկատելով այն հնարավորությունները, որոնք կաջակցեին նրան: «Քայլող» երկրները, ըստ քաղաքագետների, էվոլյուցիա ապրած երկրներն են, որտեղ պետական համակարգը գերակայություն ունի քաղաքականի նկատմամբ»: Բանախոսը խաղաղության մշակույթը համարեց հնարավորությունների մշակույթ և ներկայացրեց դրա հիմնական բաղադրիչները՝ սոցիալական համագործակցություն, սերունդների համերաշխություն և նոր հումանիզմ: Դասընթացի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Հայաստանի Հանրապետությունում ոլորտի այլ մասնագետներ ևս: Ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: