ԳլխավորԼուր

Սկսվել է 2024 թ. միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլը

Դիմորդ, հայտագրում

Գնահատման և թեստավորման կենտրոնը ս.թ. հունիսի 26-ից սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը:

Հայտագրմանը կարող են մասնակցել`

ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները:

Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են ընդունելության կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում  նախատեսված ժամկետում մասնագիտության հայտագրում ունենալու պարագայում:

Փորձարարական միասնական քննություններին մասնակցելու համար Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողներն  իրենց  էլեկտրոնային հասցեի և ծածկագրի միջոցով մուտք են գործում անձնական կայքէջ և քննություններ բաժնում  «հանձնել  նոր չափորոշիչներով» տողում կատարում են նշում և հաստատում են:

բ) Օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով։

գ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները,

դ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները։

Երրորդ (մասնագիտության հայտագրման՝ երկրորդ) փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

Ընդունելության դիմում-հայտի  համար անհրաժեշտ է`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի     900018003401   հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Միասնական,  ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին:

Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից փոխանցվելու են առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին: