ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն ու Կարլի համալսարանը ուսանողներ կփոխանակեն

Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Կարլի համալսարան (Չեխիա)

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը աշխատանքային այցով Չեխիայում է, որտեղ այցելել է Կարլի համալսարան։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Կարլի համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովայի հետ երկու համալսարանների միջև առկա համագործակցության հուշագրի շրջանակում ստորագրել ենք ուսանողների փոխանակման պայմանագիր՝ ամրապնդելու առկա փոխգործակցությունն ու ընդլայնելու հնարավորությունների շրջանակը։

Երկու համալսարանների միջև առկա համագործակցության հիմնական նպատակը գիտական և կրթական ոլորտներում ընդհանուր ջանքերի համատեղումն է՝ նպաստելով երկու համալսարանների ուսանողների և դասախոսների մասնագիտական աճին ու զարգացմանը։

Ստորագրված նոր պայմանագրի արդյունքում մեկ ուսումնական տարում յուրաքանչյուր համալսարանի առնվազն 4 ուսանող հնարավորություն կստանա փոխանակման ծրագրերով իր ուսումնառությունը կազմակերպելու գործընկեր բուհում»,-մասնավորապես գրել է նա։