ԳլխավորՄի կտոր գիրք

Ֆրանց Կաֆկա. պատմվածքներ

Կամուրջ

Ներկայացնում ենք հրեական ծագմամբ գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկայի (3.07.1883-3.06.1924) կարճ պատմվածքներից մի քանիսը։

Կամուրջ

Ես սառն ու ամուր էի, ես կամուրջ էի, պառկած էի անդունդի վրա: Մի կողմից հողի մեջ էին խրված ոտքիս մատները, մյուս կողմից՝ ձեռքերս. ատամներով կառչել էի կավահողից: Կողքերիցս կախ ճոճվում էին սերթուկիս փեշերը: Ներքևում աղմկում էր սառնորակ առվակը, ուր կարմրախայտն էր լողում: Ոչ մի մոլորված զբոսաշրջիկ դեռ չէր հասել այս անանցանելի զառիթափին, կամուրջը դեռ չկար քարտեզների վրա: Ու այդպես ես պառկել ու սպասում էի. անկախ իմ կամքից ստիպված էի սպասել: Ամեն կամուրջ, որ կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Սա մի երեկոյան պատահեց, գուցե առաջին երեկոն էր, գուցե հազարերորդ՝ չգիտեմ: Իմ մտքերը մշտապես անկանոն էին ու անընդհատ պտտվում էին: Մի անգամ` երեկոյին մոտ առվակն սկսեց ավելի խուլ կարկաչել, ու հանկարծ ես լսեցի մարդու ոտնաձայներ: Դեպի ինձ, դեպի ինձ… Կարգի բեր քեզ, կամո՛ւրջ, ծառայիր, առանց բազրիքների՛ գերան, պահի՛ր նրան, ով քեզ վրա հույս է դրել: Նրա քայլվածքի անճշտությունը շտկի՛ր աննկատ, սակայն եթե նա երերա, ցո՛ւյց տուր, թե ինչի ես ընդունակ, և մի լեռնային աստծո նման մյուս կողմը հասցրու նրան:

Նա մոտեցավ, հարվածեց ինձ իր ձեռնափայտի մետաղե ծայրով, հետո ուղղեց սերթուկիս փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը խառնված մազերիս մեջ և երկար ժամանակ չէր հանում՝ հավանաբար վայրենու նման շուրջը նայելով: Եվ ահա (ես երազներիս հետ գնացել էի դեպի  լեռներն ու հեռուները) նա երկու ոտքով թռավ իմ մարմնի ուղիղ մեջտեղը: Ես, բանից անտեղյակ, ցնցվեցի անտանելի ցավից։ Սա ո՞վ էր: Երեխա՞: Տեսի՞լք: Մեծ ճանապարհների ավազա՞կ: Ինքնասպա՞ն: Գայթակղող մե՞կը: Ավերի՞չ: Եվ ես ցանկացա թեքվել, որ տեսնեմ նրան… Կամուրջը շրջվում է: Ես չհասցրի շրջվել, որ փլվեցի: Ես փլվեցի, տապալվեցի, ու ինձ ծակծկեցին խճաքարերը, որոնք միշտ ինձ էին նայում փրփրացող ջրերից:

Մեծ աղմուկ

Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայներից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից շարշ ընկած խալաթը հագին.հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրված է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

Տունդարձի ճամփան

Ամպրոպից հետո ակնհայտ է օդի համոզիչ ուժը: Իմ արժանիքները հայտնվում են իմ առաջ ու ճնշում
ինձ, թեպետ ես չեմ էլ դիմադրում:

Քայլում եմ, ու իմ տեմպը փողոցի այս հատվածի տեմպն է, այս նրբանցքի, այս թաղամասի: Ես իրավացիորեն պատասխանատու եմ դռների ու սեղանների ամեն մի թակոցի համար, բոլոր բաժակաճառերի համար, սիրահար զույգերի համար՝ պառկած իրենց անկողիններում, նորակառույց շենքերի փայտամածի վրա, մութ նրբանցքներում՝ տների պատերին սեղմված, թախտերին հասարակաց տների:

Ես գնահատում եմ իմ անցյալը ապագայիս համեմատ, երկուսն էլ սակայն գերազանց եմ համարում, չեմ կարող նախապատվությունը տալ նրանցից մեկին, ու միայն նախախնամության անարդարացիությունը, որ ինձ այդպես հովանավորում է, պետք է կշտամբեմ: Հենց մտնում եմ իմ սենյակ, դառնում եմ փոքր-ինչ մտախոհ, թեև աստիճանները բարձրանալիս մտածելու որևէ բան առանձնապես չկար: Ինձ այնքան էլ չի փարատում այն, որ պատուհանն ամբողջությամբ բաց է, և ինչ-որ մի այգուց դեռևս երաժշտության ձայն է
լսվում:

Սատանայի գյուտը

Եթե մենք տրված ենք սատանային, ապա դա միակ բանը չէ թերևս, որով ապրում ենք երկրի վրա, խաղաղ, ինչպես Աստծո հետ, միասնաբար, առանց հակասության, առանց խորհրդածության. մեր ետնամարդն է միշտ իրավ: Նրա դեմքը մեզ չպիտի վախեցնի, քանզի որպես դիվային արարածներ, մենք բավականաչափ խելոք պիտի լինենք,-հայացքի նկատմամբ ինչ-որ տեղ զգայուն լինելով,- զոհաբերելու մի ձեռք, որով նրա դեմքը պիտի ծածկենք: Եթե մեզանում բացառապես մի սատանա ունենայինք, մեր ամբողջ էության հանգիստ, անվրդով ակնարկով ու տվյալ պահը տնօրինելու ազատություն, ապա նա ևս բավական ուժ կունենար մի մարդկային կյանքի ընթացքում այնքան բարձր` Աստծու ոգին մեր մեջ ունենալու ու դեռ տատանվելու, որ մենք ևս նրա որևէ նշույլ չտեսնենք, ինչպես նաև անհանգստացած չլինենք:

Միայն սատանաների մեծ քանակությամբ կարող է մեր երկրային տարաբախտությունը պայմանավորված լինել: Ինչու չեն նրանք ի մի եկած կամ ինչու նրանք մի մեծ սատանայի չեն ենթարկվում: Երկուսն էլ սատանայական սկզբունքին են համապատասխան` հնարավորինս կատարյալ մեզ խաբող: Ինչ օգուտ նրանից, որ միասնականությունը երկար բացակայի, անախորժ հոգածությո՞ւն. ամբողջական սատանային ունենա՞լ մեր մեջ: Ինքնին հասկանալի է, որ սատանաները մարդու մի մազն անգամ պակասելուն պետք է որ ավելի առնչվեն, քան Աստված, որ սատանայի մազերն իսկապես կորսվում են, Աստծունը` ոչ: Դրանով միայն նրան ենք հանգում, որ որքան շատ սատանաներ լինեն մեր մեջ, այնքան վատ կեցություն կունենանք ընդհանրապես: