ԳլխավորԼուրՀայաստանս

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

Այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։