ԱրցախԳլխավորԼուր

Հայաստանում 4640 արցախցի ուսանող ունենք, 2116-ը` բուհերից

Ուսանողներն ԱրՊՀ-ում

Արցախից (Լեռնային Ղարաբաղ) բռնի տեղահանված ուսանողների թվի, կրթաթոշակների, ուսման վարձի փոխհատուցման, ԿԳՄՍ նախարարության` նրանց առնչվող ծրագրերի մասին Usanogh.am-ի հարցերին պատասխանել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը:

-Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քանի՞ ուսանող կա Հայաստանում:

-Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաքագրած տեղեկատվության՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 4640 ուսանող:

— Նրանցից քանի՞սն է սովորում բուհում, քանի՞սը` քոլեջում կամ ուսումնական այլ հաստատությունում:

— Բռնի տեղահանված ուսանողներից 2116-ը ԼՂ-ում սովորել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ 2524-ը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ` ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար արդեն դիմում է ներկայացրել այդ ուսանողների շուրջ կեսը: Դիմումների ընդունման  գործընթացը շարունակվում է, տվյալների հավաքագրումն ընթացքի մեջ է:

-Տեղահանված ուսանողները հիմնականում ո՞ր մարզերում, քաղաքներում են, կա՞ ն նման տվյալներ:

-Ուսանողների՝ ըստ քաղաքների և մարզերի տեղաբաշխվածության վերաբերյալ տվյալների հավաքագրումը նույնպես ընթացքի մեջ է:

-Նրանք բոլո՞րն են ստանում կրթաթոշակ ուսման վարձը մարելու համար:  Որքա՞ն է կազմում այդ կրթաթոշակը, նաև հետաքրքիր է` դա ֆիքսվա՞ծ գումար է, թե՞ անհատական մոտեցում է ցուցաբերվում:

-Տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման  նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2023 թ. հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման համաձայն՝  ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կստանան կրթաթոշակ՝ ՀՀ համապատասխան մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ տեղափոխվելու դեպքում: Կրթաթոշակ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում մասնավոր ուսումնական հաստատությունում սովորած ուսանողները՝ ՀՀ պետական ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում:

Տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների: Բակալավրիատի կրթական ծրագրերի ուսման վարձի փոխհատուցման համար տրվող կրթաթոշակի չափը չի կարող գերազանցել 700 հազար դրամը, իսկ մագիստրատուրայի կրթական ծրագրերի  դեպքում՝ 560 հազարը: Կրթաթոշակների առավելագույն չափերին կարող եք ծանոթանալ որոշման 2-րդ և 3-րդ հավելվածներից:

-Տեղահանված ուսանողների համար ԿԳՄՍ նախարարությունն աջակցման ի՞նչ ծրագրեր ունի:

-Վերը նշված՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրելուց բացի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար վերացվել է գործող կարգով սահմանված՝ առաջին և վերջին կուրսերում ուսանողների տեղափոխության արգելքը, սահմանվել են կրեդիտների տարբերությունների լրացման ավելի ճկուն ժամկետներ, հնարավորություն է տրվում  փաստաթղթավորման գործընթացը կազմակերպել ուսմանը զուգընթաց: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նաև նախատեսում է մշակել կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներ, որոնք կապված են լինելու կրթության մեջ գերազանց առաջադիմության հետ, քննարկվում են նաև աջակցության այլ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ ուսանողները՝ Արցախի պետական համալսարանում